Երևանում հետընտրական հանրահավաքներ են նախատեսվում: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է հունիսի 21-ին, 22-ին, 23-ին և 24-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Իշխող ուժը ցանկանում է հանրահավաք անել նշված օրերին առավոտյան ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Գրեթե նույն օրերին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին քաղաքապետարանին իրազեկել է նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը: Քոչարյանի թիմը նախընտրում է հանրահավաքն անցկացնել հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժամը 00.00-23.00-ին:
ՔՊ-ն իրազեկման մեջ նշել է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 հազար մարդ, իսկ Քոչարյանի թիմը՝ 25 հազար մարդ: Ավելի ուշ, «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը Factor.am-ին տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը «Հայաստան» դաշինքին չի արտոնել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, առաջարկելով այլ վայր, սակայն դաշինքը նպատակահարմար չի համարել հավաքի անցկացումը: