Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը:
Զախարովայի խոսքով՝ ընդգծելով բացառապես նոր առաքելության քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչները խորամանկում են։ Նա ընդգծել է, որ առաքելությունը ծավալվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով, «դրա համար էլ արժե դրան համապատասխան վերաբերվել»:
«Ցավոք, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը ցանկացած միջոցներով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերի մեջ տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականները», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ տարբեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը «միանշանակ չէ»։ «Հազիվ թե Բրյուսելում կարող են պարծենալ այս ոլորտում հաջողություններով։ Վերցնենք թեկուզ միջնորդական ջանքերն ու Եվրամիության առաքելությունը Կոսովոյի սերբական երկրամասում։ Դա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության մասին ԵՄ որոշումը գնահատելիս», — հայտարարել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի հեռանկարում մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների համալիրը: «Դրանց համակողմանի իրականացման, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, երկու երկրների հասարակությունների, փորձագետների, կրոնական շրջանակների, խորհրդարանականների միջև շփումների հաստատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների միջոցով ընկած է տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենաուղղակի ճանապարհը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել դրան», – հայտարարել է նա։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հայտնել էր փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ դաշինքի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտնել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման մասին: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից, ներառյալ մոտ 50 անզեն դիտորդ: