Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր առաջին պարեկությունն է անցկացրել: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ:
«Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է և այսօր իրականացրել է իր առաջին պարեկությունը։ EUMA – ն կնպաստի մարդկանց անվտանգությանը, կամրապնդի վստահությունը տեղերում և կաջակցի ԵՄ-ի ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում», – գրել է Բորելը Twitter-ում։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հայտնել էր փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ դաշինքի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտնել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման մասին: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից, ներառյալ մոտ 50 անզեն դիտորդ: