Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում ունի 4 վիրավոր: Այս մասին հայտնել է ՊՆ-ն։
«Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը, ըստ հաղորդագրության, գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։