Հայաստան-Ադրբեջան սահմանին էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերի մասին, և նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է մեկ փամփուշտ, մեկ հատիկ: Այսինքն՝ սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է: Այս պահին մենք սահմանում զորքերի որևէ կուտակում չունենք ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի կողմից: Այս պահին լարվածություն սահմանին չկա: Բայց, մյուս կողմից, ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա ընթացքում, օրերի ընթացքում»,- ասել է Փաշինյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ էր սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։