Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- ասված է հայտարարությունում:
Այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե հայկական ԶՈւ-ն իբր կրակ է բացել Դաշքեսանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ և որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ի պատասխան ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։