Հայտնի են Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
Մասնավորապես, Գորիսում հաղթել է գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Ինչպես լրագրողներին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, «Առուշ Առուշանյան» դաշինքն ստացել է 6256 ձայն:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել է 3590 մարդ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Կարեն Լազարյանի օգտին՝ 243 ձայն։
Ըստ նախնական տվյալների՝ իշխող կուսակցությունը ևս պարտվում է Գյումրիի ընտրություններում։ «Բալասանյան դաշինքը» ստացել է 36,31 տոկոս ձայն, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 29,36 տոկոս: Երրորդ տեղում է «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,42% – ով ։ Ընդհանուր առմամբ՝ Գյումրիում ընտրություններին մասնակցել է 10 քաղաքական ուժ։
Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջը, իշխող կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը հաղթել է Դիլիջանի ընտրություններում՝ ստանալով ձայների 57% – ը։
Իշխող կուսակցության տեղեկություններով՝ իրենց թեկնածու Դավիթ Գուլունցը հաղթել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում՝ հավաքելով 1530 ձայն։ Նրա մրցակիցը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթեւոսյանը հաղթել է նաեւ Տաթևում՝ հավաքելով 1281 ձայն: