ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունն այցելել է Գեղարքունիքի՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած համայնքներ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
«Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ այցելել են Վարդենիսի համայնքապետարան, այնուհետև ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների կողքին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցը:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։