Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը մեկնարկել է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) տասնամյա նախագիծը, որում կներդնի 10 մլն շվեյցարական ֆրանկ (11,5 մլն դոլար), հայտնում է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«2023-2033 թվականների համար նախատեսված է 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 11,5 միլիոն դոլար) հատկացում՝ խորհրդարանի կողմից դրա պարբերական հաստատման պայմանով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ծրագիրը կնպաստի Երևանի կողմից կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման նոր ռազմավարության մշակմանը, անտառների մոնիթորինգի ուժեղացմանը և Հայաստանին կօգնի կատարել իր միջազգային պարտավորությունները, նշել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
«Տարվա ընթացքում կհստակեցվի նաև ծրագրի կոնկրետ աշխարհագրական ուղղվածությունը։ Բացի հողային և կլիմայական պայմաններից, նյութատեխնիկական ապահովումից և հողային ռեսուրսների առկայությունից, շահառուների ընտրության առանցքային գործոնը կլինի համայնքների մեծ հետաքրքրությունն ու կարողությունը՝ համատեղ ներդրումներ կատարել ագրոանտառային տնտեսության և անտառվերականգնման նորարարական մեթոդներում»,- պարզաբանել են վարչությունից։
Նշվում է, որ Հայաստանը պայքարում է անտառահատումների և կլիմայի փոփոխության հեռահար հետևանքների առաջին նշանների դեմ։ Շվեյցարիայի ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաքիչ անտառածածկ երկրների շարքում է. անտառածածկը կազմում է երկրի տարածքի ընդամենը 11%-ը և կենտրոնացած է հիմնականում հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ նախաձեռնության իրականացմանը կմասնակցեն նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտը (ETH-WSL):
ՊՎԾ-ն Լոռու և Կոտայքի մարզպետարաններում 4 մլն դոլարի խախտումներ է հայտնաբերել
Պետական վերահսկողական ծառայությունը (ՊԿԾ) ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետերի աշխատակազմերում ստուգումների ընթացքում հայտնաբերել է ավելի քան 4 մլն դոլարի խախտում։...