Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը զգուշացրել է Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում սպասվող ջրի ելքերի զգալի մեծացումների մասին, որի դեպքում հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, պարզաբանել է Սուրենյանը։
Հանրապետության Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։ ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։