Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կրոնական գործերի վարչության հետ համատեղ առաջարկություններ է պատրաստում Սուրբ Սոֆիայի տաճարում մուսուլմանական աղոթքների նախապատրաստման վերաբերյալ: Դրանք մասնավորապես վերաբերում են տաճարի որմնանկարներին, գրում է թուրքական Hurriyet-ը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ թուրքական իշխանությունները ծրագրում են Սուրբ Սոֆիայի տաճարում լուսավորության հատուկ համակարգ տեղադրել, ինչի շնորհիվ նամազների ժամանակ չեն երևա քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները։
Հաղորդվում է, որ մուսուլմանների աղոթքի ժամանակ դիտարկվում է նաև խճանկարներն ու որմնանկարները վարագույրներով քողարկելու տարբերակը։ Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները խոստանում են խնամքով վերաբերվել որմնանկարներին և խճանկարներին, որպեսզի պատմական արժեքների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով բացասական արձագանք չստանան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) նախորդ շաբաթ չեղյալ էր հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցել է Հուստինիանոս կայսրը 532-537 թվականներին. նա որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453 թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935 թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985 թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: