Մանկական Եվրատեսիլի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Հաղթելու և եվրոպական երկրների պատվիրակների առջև մեր երկրի հյուրընկալ դռները բացելու ցանկությունը շատ մեծ է։
Ցանկություն, որի իրականացումը վստահվել է 13-ամյա Կարինա Իգնատյանին։ Աղջնակ, որն ունի բոլոր հնարավորությունները հասնելու անգերազանցելի արդյունքի․ թվում է, դրան դեմ չեն միլիոնավոր հեռուստադիտողները։ Մենք արդեն կարող ենք գրանցել Կարինայի փոքրիկ հաղթանակը. մեր մասնակցի պաշտոնական տեսահոլովակը Youtube -ում հավաքել է տպավորիչ քանակությամբ դիտումներ։ Կարինա Իգնատյանը եզրափակում է առաջատարների եռյակը. այսօրվա դրությամբ Colours of Your Dream տեսահոլովակի դիտումների թիվը կազմում է 874 337:
Հայաստանից առաջ են անցել Ռուսաստանի ներկայացուցիչներ Տատյանա Մեժենցևիան և Դենբերել Օրժակը A Time for Us (1 043 149) երգով և Լեհաստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գաբորը Superhero (3 768 711) երգի տեսահոլովակով։
Մեր մասնակիցն այսօր «Մանկական Եվրատեսիլ – 2019» երգի միջազգային մրցույթի շրջանակներում իր առաջին փորձն է անցկացրել Լեհաստանի Գլիվիցա քաղաքի Arena Gliwice մեծ բեմում:
Նոյեմբերի 24-ին կայանալիք մրցույթում մեր մասնակիցը կկատարի Colours of Your Dream երգը՝ հաղթանակի համար մրցելով 19 երկրների պատվիրակների հետ։
Նշենք, որ 13-ամյա Կարինա Իգնատյանը միջազգային մրցույթների և նախագծերի բազմակի մասնակից և դափնեկիր է՝ «NEXT սերունդ», «Ձայնը. երեխաներ», «Ռուսաստանի տաղանդները», «Մանկական Նոր ալիք 2018», «Մենք Գալակտիկայի երեխաներն ենք», «# Երկիրերգիր» և այլն:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթին մասնակցում է 2007 թվականից։ Նախորդ տարի մրցույթին Հայաստանը ներկայացրել էր Լևոն Գալստյանը՝ «L. E. V. O. N․» երգով։ Նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
Մեր երկիրը մրցույթում հաղթանակ է տոնել 2010թ․-ին՝ Մինսկում․ Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Մանկական Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակները միշտ բարձր հորիզոնականներ են զբաղեցրել. Հայաստանի պատվիրակները չորս անգամ ՝ երկրորդ և երկու անգամ ՝ երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել։
Armenia Today-ը մաղթում է Կարինե Իգնատյանին ևս մեկ անգամ կրկնել Վլադիմիր Արզումանյանի գրանցած արդյունքը և հաղթանակը բերել Հայաստան։