Ամերիկացի հայտնի կիթառահար Էլ Դի Մեոլան Silk Note փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին հանդես կգա երաժշտական ինքնատիպ ծրագրով։ Իր ուղերձում Մեոլան հայտնել է, որ համերգի ընթացքում իր հետ բեմում ելույթ կունենան բարձրակարգ և պրոֆեսիոնալ երաժիշտներ Իտալիայից, Կուբայից, Իսպանիայից․ «Անչափ ուրախ եմ լինելու այս տարվա նոյեմբերին Հայաստանում՝ Երևանում, անցկացվող Silk Note փառատոնի մասնիկը: Համերգի ընթացքում կհնչեն հեղինակային, ինչպես նաև տանգոյի վարպետ Աստոր Պիացոլայի, Լենոնի և Մաքքարթնիի ստեղծագործությունները: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»։
Էլ Դի Մեոլան հանդես է գալիս ջազ ֆյուժն ժանրում: Կիթառահարին 2009 թվականին Classic Rock ամսագիրը ներառել է բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների ցանկում: Մեոլան մրցանակների է արժանացել Record World Magazine, Guitar Player Magazine, Tomasa Edisona, Echo ամսագրերի կողմից: Նրա թողարկած սկավառակները մեծաթիվ վաճառքներ են գրանցել աշխարհի տարբեր երկրներում:
Ինչ վերաբերում է Silk Note փառատոնին, նշենք, որ այն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնություն է։