Թումանյանի ծննդյան օրը գրողի թանգարանում բացվեց «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» բացառիկ ցուցադրությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին Թումանյանի անձնական գրադարանի տարածքում, որը մինչ օրս փակ է եղել այցելուների առջև:
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծել է՝ բացառիկ են Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը, որոնք երբևէ չեն ցուցադրվել:
Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը հիշեցրել է, որ Եղիշե Չարենցը Հովհաննես Թումանյանին հմուտ, հանճարեղ լոռեցի է համարել, որը Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի: «Այդքան բարձր էր նա գնահատում Թումանյանին: Ըստ Նվարդ Թումանյանի՝ Չարենցն ու Թումանյանը ծանոթացել են 1921 թվականին Թիֆլիսում, բայց այլ տեղեկություններ էլ կան, որ ծանոթությունը կայացել է Երևանում»,-նշել է Գոհար Չարենցը:
Ցուցադրությունը դիտելու էին եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը: Ցուցասրահում շրջելուց հետո Վահրամ Դումանյանն ասաց՝ Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործություններն են հրաշալի, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»:
Խոսելով Գիրք նվիրելու օրվա մասին՝ նախարարը նշեց, որ ցանկանում է՝ տոնը ծառայի իր նպատակին, այն է՝ գրքի միջոցով հարստացնել հանրության հոգևոր աշխարհը:
«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 1-ը: