Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը հայտնել է, որ մտադիր է էկրանավորել Ամիր Համիդովի «Արցունքները դրախտում» գիրքը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի մասին է:
Այս մասին Անդրեասյանը հայտնել է իր սոցիալական ցանցերի էջերում:
«Հանդիպել ենք գրող Համիդ Ամիրովի հետ, որը գրել է Արցախյան պատերազմի մասին պատմող «Արցունքները դրախտում» գիրքը: Կկարդամ: Տա Աստված էկրանավորենք»,-գրել է նա։
Հեղինակը նշում է, որ գրքի համար անհրաժեշտ նյութեր հավաքելու նպատակով նա զրուցել է պատերազմի մասնակիցների, ականատեսների հետ, սակայն գիրքը գրելու համար դա բավարար չէ: Նա միավորել է ամեն ինչ մեկ կերպարի պատմության մեջ:
Հեղինակի խոսքով՝ ինքը տարբեր վայրերից պատմություններ է հավաքել և միավորել դրանք մեկ պատմության մեջ:
«Մենք բոլորս նույն հողի վրա ենք ապրում և շնչում ենք նույն օդը, բայց մարդիկ տարբեր են։ Մենք ապրում ենք հանգիստ կյանքով՝ ուշադրություն չդարձնելով շատ կարևոր բաների վրա։ Եվ յուրաքանչյուր անձի համար անհրաժեշտ է հատուկ իրավիճակ, որը կարող է արթնացնել իր առավել յուրահատուկ հատկանիշները: Քաջությունը, ազգային ինքնագիտակցությունը դուրս են թափվում գրքի գլխավոր հերոսի ազնիվ հոգուց»,- ասվում է գրքի նախաբանում:
«Ես խաղաղության կողմնակից եմ, և իմ ստեղծագործության մեջ ես ոչ ոքի չեմ դատում, չեմ քննարկում, թե ով ում է դավաճանել։ Ես միայն ուզում եմ, որ մարդիկ ավելի խնամքով վերաբերվեն ճշմարտությանն ու պատմությանը, որովհետև պատմությունը ժողովրդի դեմքն է, հատկապես եթե այն հին է ու հարուստ»,- նշում է հեղինակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները նախորդ տարի նկարահանել էին «Մանյունյա» բազմասերիանոց արկածային կատակերգությունը՝ ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի՝ բեսթսելեր դարձած համանուն վեպի հիման վրա: