Հունիսի 17-ին կյանքից հեռացել է Ժան Լուի Տրենտինյանը։ Նա 91 տարեկան էր։ Տրենտինյանն անցած հարյուրամյակի ֆրանսիական կինեմատոգրաֆիայի ամենավառ դերասաններից մեկն էր, իր գրեթե 70-ամյա կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել տասնյակ ֆիլմերում:
Ներկայացնում ենք դերասանի մասնակցությամբ 7 պաշտամունքային ֆիլմեր, որոնք պետք է տեսնեն բոլորը։
«Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956)
Ռեժիսոր ՝ Ռոժե Վադիմ
Տրենտինյանն այստեղ հանդես է գալիս Բրիջիտ Բարդոյի հետ։ Սյուժեի կենտրոնում Ժյուլետն է՝ որբանոցի նախկին սան։ Երիտասարդ, ջերմ աղջիկ. երբ խնամակալները, որոնք հոգնել են աղջկա անտանելի պահվածքից, որոշում են վերադարձնել նրան մանկատուն, Ժյուլետի բազմաթիվ երկրպագուներից մեկի մտքով հանճարեղ միտքը է անցնում. շտապ ամուսնացնել նրան: Նրա ընտրությունը կանգնում է իր կրտսեր եղբոր՝ պարզ ու բարի Միշելի վրա։ Սակայն ոչ ոք գլխի չի ընկնում, թե ինչի կհանգեցնի այդ հարսանիքը։
«Տղամարդ և կին» (1966)
Ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ
Կլոդ Լելուշի լեգենդար կինոժապավենը Ժան Լուի Տրենտինյանին և Անուկ Էմեին բերել է ոչ միայն բազմաթիվ հեղինակավոր պարգևներ, այլև համաշխարհային ճանաչում: Վաղ այրիացած և միայնակ տղամարդն ու կինը ապրում են դառը մենության մեջ, մինչև պատահական հանդիպումը նրանց կյանքը գլխիվայր շուռ չի տալիս։
«Կոնֆորմիստ» (1970)
Ռեժիսոր՝ Բեռնարդո Բերտոլուչչի
«Կոնֆորմիստը» իտալական կինեմատոգրաֆի դասական Բերնարդո Բերտոլուչիի պաշտամունքային դրաման է։ Ֆիլմը պատմում է Իտալիայում ֆաշիզմի և այն պատճառների մասին, որոնցով Բերտոլուչիի հոր սերունդը համագործակցել է Մուսոլինիի ռեժիմի հետ:
«Գնացք» (1973)
Ռեժիսոր՝ Պիեռ Գրանյե-Դեֆեր
1940 թ․ ամառ, մարդկանց անկանոն փախուստ ֆաշիստական ներխուժումից։ Փախստականների թվում են ռադիոատեխնիկ Ժուլյեն Մարոյերը՝ հղի կնոջ՝ Մոնիկի և երեք տարեկան դստեր հետ: Գնացքը ընթանալու պահին ընտանիքը կիսվում է: Կոպիտ աշխատողների շրջանում հայտնված Ժուլյենը նկատում է երիտասարդ և աներևակայելի գեղեցիկ կնոջ (Ռոմի Շնայդեր): Մոռանալով կնոջ և դստեր մասին, նա սիրահարվում է նրան առաջին հայացքից:
«Խարխլված կապ» (1974)
Ռեժիսոր՝ Միշել Դեվիլ
Համեստ ծառայող Նիկոլասը մի օր որոշում է բողոքել իր ընկեր Կլոդին՝ կյանքի ձախորդության մասին: Օրինակ, այն փաստը, որ ի վիճակի չէ հաղթահարել ամաչկոտությունը և ծանոթանալ աղջկա հետ։ Կլոդը, կատակելով, ներշնչում է ընկերոջը, որ նա կանանց գրավելու լավ տվյալներ ունի։ Նիկոլան հավատում է ընկերոջն ու աշխատանքից ազատվում հետևյալ որոշմամբ «Այսուհետ կապրեմ կանանց հաշվին»։ Ֆիլմը, որում Տրենտինյանից բացի նկարահանվել են Ռոմի Շնայդերն ու Ջեյն Բիրկինը, ավելի շատ կատակերգության է նմանվում, սակայն սյուժեի ընթացքում գույները խտանում են։
«Երեք գույն․ կարմիր» (1994)
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կեսլևսկի
Կարմիրը՝ ֆրանսիական դրոշի երրորդ գույնը և լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Կեսլևսկու «Երեք գույները» եռերգության եզրափակիչ մասն է։ Ժնևի համալսարանի ուսանողուհին՝ ֆոտոմոդել Վալենտինը, պատահաբար շուն է խփում։ Վիրավոր կենդանու խնամքը նրան բերում է պաշտոնաթող դատավորի տան շեմին, որն ամբողջ օրեր է անցկացնում հարևանների հեռախոսազրույցները գաղտնալսելու համար: Չնայած տարիքային մեծ տարբերությանը, Վալենտինը մտերմանում է դատավորի հետ: Երկու միայնակ ճակատագրերը, պատահաբար բախվելով, օգնում են միմյանց հաղթահարել անհույս մենությունը։
«Հեփի ընդ» (2017)
Ռեժիսոր՝ Միխայել Հանեկե
Ժան Լուի Տրենտինյանի վերջին դերերից մեկը։ Մի մեծ բուրժուական ընտանիքի պատմություն, որտեղ տեսանելի բարեկեցության պայմաններում ոչ ոք ոչ մեկին չի սիրում։ Նրանք ապրում են մի մեծ տան մեջ և ունեն ամեն ինչ, որ երջանիկ լինեն։ Տրենտինյանի հետ Ֆիլմում նկարահանվել են Իզաբել Յուպերն ու Մաթյե Կասովիցը։