Կյանքի 73-րդ տարում կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Այս մասին հայտնում է թատրոնի ֆեյոսբուքյան էջը:
Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական (Վանաձոր) քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ։ 1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։
Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։ 1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում։
1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։
Կերտել է շուրջ 50 թատերական դեր։