Մարտի 10-19-ը Ժնևում կայացած վավերագրական ֆիլմերի 21-րդ միջազգային փառատոնում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Գրան պրիի, հայտնում է միջոցառման կայքը։
«Սահակյանի նկարահանած հայ-գերմանա-լիտվական համատեղ ֆիլմը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկանյան) մասին, որը կորցրել է ընտանիքը, փախել ստրկությունից և հետագայում դարձել հոլիվուդյան գովազդային մեքենայի զոհը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է Անսիում՝ 2022 թվականին»,- ասված է հայտարարությունում։
Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ին, Իսպանիայի MiradasDoc փառատոնում փետրվարի 6-ին արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար։ 2022 թվականի դեկտեմբերի սկզբին Hollywood First Look-ն «Ավրորա լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմն անվանել է որպես «Օսկար» մրցանակի հավակնորդներից մեկը լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։
«Ավրորա լուսաբացը» ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ կինոնախագիծ է։ Այն պատմում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) դեռահաս աղջկա կյանքի մասին, ով ցեղասպանությունից մազապուրծ եղած փրկություն է գտնում ԱՄՆ-ում՝ զորավար Անդրանիկի և Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնության կոմիտեի օգնությամբ։ Ֆիլմն ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: Ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը և Յուստե Միխայլինայտեն։