Երևանում մեկնարկել է «վայրի արվեստի» երկօրյա փառատոնը՝ Yerevan Savage Art Festival (YSAF): Միջազգային երաժշտական փառատոնը տեղի է ունենում Կամերային երաժշտության ազգային կենտրոնում և տարբեր երկրների կատարողների չորս սերունդների համար բեմ է հանդիսանում։
Փառատոնի կազմակերպիչն է կոմպոզիտոր, երաժշտական թերապիայի մասնագետ Կամիլ Չալաևը։ Փառատոնը բացվել է ժամը 12:00-ին՝ նկարիչ Արտաշես Աջապահյանի ցուցահանդեսով։
«Yerevan Savage Art Festival-ի նպատակը երեխաների և երաժիշտների հետ համերաշխությունն է՝ հատուկ կարիքներով կամ առանց կարիքների, ստեղծագործական մոտիվացիայի միասնությունն ու մաքրությունը, դասական երգացանկի հետ տարբեր, ավանդական կամ փորձարարական հարաբերությունների համակեցությունը, բարոկկո, ժամանակակից երաժշտությունը, ավանգարդը, արխայիկը և ջազը»,- նշել են կազմակերպիչները:
Երաժշտական մասը կսկսվի ժամը 13:00-ին «Babaiki» ակուստիկ տրիոյով՝ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների ֆոլկլորային և բազմաձայն երգեցողությամբ։ Ժամը 15:00-ին գամբիստ Գրիգոր Առաքելյանը կկատարի շարականներ և այլ հին հայկական հոգևոր ստեղծագործություններ։
Հունիսի 22-ին ելույթ են ունենալու ֆրանս-շվեյցարացի դաշնակահար Եկատերինա Նեմիրովիչ-Դանչենկոն, ֆրանսիացի երգեհոնահար Դոմինիկ Լևակը, հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը, ռուսական Մեծ թատրոնի նվագախմբի կոնտրաբաս Յարոսլավ Լոբովը, շվեյցարացի ալտահար Վասիլի Պուտովը և հոլանդացի ջութակահար Կիրա Վան դեր Վորդը։
Փառատոնի երկրորդ օրը կբացվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, Չալաևի «վայրի դպրոցի» երեխաների, աշակերտների և ուսանողների ստեղծագործությունների ցուցադրությամբ։
«Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձայնային թերապիայի պարապմունքների մթնոլորտն արդեն երկրորդ տարին է, ինչ տեղի է ունենում Երևանում՝ Ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի տարածքում»,- նշել են կազմակերպիչները։
Հունիսի 23-ին փառատոնի ժամանակ ելույթ կունենան նաև ջութակահարեր Պուտովը, Վան դեր Վորդը և Միխայիլ Կուգելը։ Ժամը 19:00-ին կսկսվի ամերիկացի դաշնակահար Ջեյ Գոթլիբի մենահամերգը։
«Ժամանակակից երաժշտության միջազգայնորեն ճանաչված հեղինակություն ունեցող փարիզաբնակ երաժիշտը Երևանի հանդիսատեսին և հյուրերին կներկայացնի 20-րդ դարի երաժշտության հատուկ պատրաստված ծրագիր՝ Օլիվյե Մեսիենից մինչև Ջոն Ադամս, ինչպես նաև Ջորջ Կրամ, Կարլհայնց Ստոկհաուզեն և Լուչիանո Բերիո»,- ասվում է հայտարարության մեջ։
Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-ին, վրացի ջազ դաշնակահար և երգիչ Դաթո Եվգենիձեի համերգով։ Տոմսերի արժեքը 9000 դրամ է։