Հոկտեմբերի 14-ին և 15-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը
Նշվում է, որ բալետային ներկայացումն իրականացվում է կինոռեժսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում:
Ներկայացումը պարարվեստի լեզվով մատուցում է Փարաջանովի կյանքի և գործունեության տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքը, աշխարահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Աշիկ քերիբ», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:
«Հայկական, եվրոպական, դասական և ժամանակակից պարաձևերի խառնուրդը և լիբրետոյի հիմքում դրված ազատատենչության համար մղվող պայքարի գաղափարը կտեղափոխեն հանդիսատեսին փարաջանովյան անծայրածիր աշխարհ»,- ասվում է հաղոդրագրության մեջ:
Բեմադրող ռեժիսորը և խորեոգրաֆը ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյանն է:
Փարաջանովի 100-ամյակի առթիվ Մոսկվայում կանցկացվի Parajanov-fest փառատոնը:
Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին՝ Թբիլիսիում, մահացել 1990 թվականի հուլիսի 20-ին՝ Երևանում։ 2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյա հոբելյանները։ Երևանում հունվարի 9-ին բացվել էր կինոռեժիսորի հուշարձանը։ Փարաջանովի հարյուրամյակը նշվել է նաև Թբիլիսիում։
Մեր ընտրանիում են Փարաջանովից մեջբերումներ, որոնք նկարագրում են նրա կյանքը և ստեղծագործական կյանքը։