Դեկտեմբերի 3-ին և 4-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված «Փարաջանովյան օրեր» կանցկացվեն, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 3-ին կցուցադրվեն ռեժիսորի մասին պատմող Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» (1979, 1989) և Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967) վավերագրական ֆիլմերը՝ անգլերեն ենթագրերով։ Դեկտեմբերի 4-ին կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը»։
Բացման խոսքով հանդես կգան Հունաստանում Հայաստանի և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Տիգրան Մկրտչյանը և Լևան Բերիձեն, «Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության ղեկավարության ներկայացուցիչները։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառել էր Շառլ Ազնավուրի և Փարաջանովի հարյուրամյա հոբելյանները։ Երևանում հունվարի 9-ին բացվել էր կինոռեժիսորի հուշարձանը։ Փարաջանովի հարյուրամյակը նշվել էր նաև Թբիլիսիում։ Armenia Today-ի ընտրանիում են Փարաջանովից մեջբերումներ, որոնք նկարագրում են նրա կյանքը և ստեղծագործական ուղին։