Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առաջարկություններ է պատրաստել Եվրասիական տնտեսական միության երկրների սահմաններով ապրանքների տեղափոխման վիճելի հարցերի և տարաձայնությունների կարգավորման համար օպերատիվ կոմիտեի (բարձր մակարդակի աշխատանքային խմբի) ձևավորման վերաբերյալ: ԵՏՀ Խորհրդի համապատասխան կարգադրության նախագիծը քննարկվել է հուլիսի 6-ին ԵՏՀ Կոլեգիայի նախագահի և անդամների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ԵՏՀ պաշտոնական կայքից։
Ավելի վաղ ԵՏՀ Խորհրդի անդամները նշել էին, որ միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման համար անհրաժեշտ են նոր գործիքներ, և պաշտպանել են կոմիտեի ստեղծման մասին ԵՏՀ Կոլեգիայի առաջարկը:
Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ միության երկրները կոմիտեի կազմում թեկնածուների ցուցակ են ուղարկել, սակայն առայժմ ոչ բոլոր պետություններից են առաջարկներ ստացվել «ճանապարհային քարտեզ»-ի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, սահմանին իրավիճակը մնում է բարդ, և պետք է գործել վճռականորեն։
«Ճանապարհային քարտեզի» միջոցառումներն անհրաժեշտ է բաժանել երկու փուլի. առաջնահերթ միջոցառումներ, որոնք պետք է կատարվեն արդեն հիմա, և միջոցառումներ՝ միջնաժամկետ հեռանկարում։ Օպերատիվ կոմիտեն թույլ կտա մեզ արագ լուծումներ մշակել և իրական ժամանակի ռեժիմում հանել շատ խնդրահարույց հարցեր», – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Հրատապ միջոցառումների թվում խորհրդակցության մասնակիցները նշել են երրորդ երկրներից ապրանքների ներմուծման վարչարարության, անդամ պետությունների միջև տեղեկատվական փոխանակման, պատժամիջոցային ապրանքների նույնականացման, ռիսկի պրոֆիլի հաստատման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման անհրաժեշտությունը:
Լրամշակված փաստաթուղթը նախատեսվում է քննարկել ԵՏՀ Խորհրդի նիստում: