Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով:
Ըստ Փաշինյանի՝ կան ոչ միայն բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, այլև բազմաթիվ հնարավորություններ:
«Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, և մյուս կողմից արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել, կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր սահմանելու համար»,-նշել է վարչապետը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:
Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։