2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում՝ որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում։ Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել։ Այս մասին
հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Մասնավորապես՝ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի գինը բարձրացել է շուրջ 6 %-ով՝ 3 610 դրամից հասնելով 3 830 դրամի, իսկ «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի գինը՝ շուրջ 0,5 %-ով՝ 4 440 դրամից հասնելով 4 460 դրամի:
Հանձնաժողովը նշված ժամանակահատվածում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռքբերման գինը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում բարձրացել է շուրջ 6 %-ով: «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռքբերման գինը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նվազել է շուրջ 7 %-ով: 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի նկատմամբ շուրջ 4%-ով։
Իսկ դիզելային վառելիքի թանկացմամբ և սեզոնայնությամբ պայմանավորված բարձրացել է բեռնափոխադրման ծառայության արժեքը: