ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը։ Նույն որոշման համաձայն՝ կառավարության առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը գործնականում անսահմանափակ իրավասություն է ստանում ստուգումներ իրականացնել ֆինանսական կազմակերպություններում: Ստուգումը ենթադրում է նաև պահանջել ու ստանալ ցանկացած փաստաթուղթ ու տեղեկատվություն՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք առկա են հաշվեքննության օբյեկտ հանդիսացող պետական մարմինների մոտ:
Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նման կարգավորումները կհանգեցնեն տնտեսվարող սուբյեկտների մոտ լրացուցիչ վարչարարության և կխոչընդոտեն վերջիններիս բնականոն գործունեությանը, քանի որ իրավաբանական անձի և պետության կամ համայնքի միջև համապատասխան պայմանագիր կնքվելու դեպքում պետությունն իր ռիսկերը գնահատելիս՝ պայմանագրում կարող է նախատեսել Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգում իրականացնելու դրույթ։
Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը հնարավորություն կունենա առանց սահմանափակման ստանալ նաև օրենքով պաշտպանվող բանկային ու ֆինանսական այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություն, ընդ որում՝ առցանց հասանելիության սկզբունքի հիման վրա։
Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հաշվեքննողը կարող է ծանոթանալ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ: