Նախորդ տարին Հայաստանի համար լարված տարի էր, բայց Կառավարությունը գործել է արտակարգ ռեժիմի պայմաններում և թիրախային միջոցառումներ իրականացրել բոլոր ոլորտներում: Այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը նշեց, որ Արցախի աջակցության ծրագրերը շուրջ 2 տասնյակ են, դրանց մի մասը դեռևս շարունակվում է: Մասնավորապես՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի աջակցություն 6-ամսյա ժամկետով՝ ամսական 500 հազար դրամ։ Սա իրականացվում է «Կամուրջ» միջոցառման շրջանակում, որի շահառուները 600 ընտանիք են, վճարված գումարի չափը 1 մլրդ դրամ է կազմել։
«Խեղում ստացած զինծառայողների աջակցություն՝ կրկին 6-ամսյա ժամկետով։ Նրանց տրամադրվող գումարը՝ 100 հազար դրամը կեռապատկվի։ Այս ծրագրով էլ 265 նույնականացված շահառու կա, իսկ օգտագործված միջոցները կազմում են 200 մլն դրամ: Հաջորդը հյուրընկալ ընտանիքների աջակցության 2 ծրագրերն են, որոնց շրջանակում 6 ամիս՝ ամսական 30 հազար դրամ հատուցվում է Հայաստանում հյուրընկալողներին, 45 հազար դրամ՝ Արցախի, շահառուների թիվը կազմում է 8410 է, արդեն վճարվել է 1.1 մլրդ դրամ»,- մանրամասնեց նա։
Բացի այս, մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած քաղաքացիական անձանց մեկանգամյա աջակցություն է տրամադրվել՝ 1-5 մլն դրամի չափով։ Այս ծրագրի 56 շահառուի տրամադրվել է 200 միլիոն դրամ։ Իսկ վիրավոր զինծառայողներին աջակցության ծրագրի շահառու է դարձել 6500 հոգի, վճարվել է 3.3 մլրդ դրամ:
Մհեր Գրիգորյանը ներկայացրեց նաև մյուս միջոցառումները և դրանցով հատկացված գումարների չափերը։
Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանի կառավարությունից տարբեր ծրագրերով աջակցություն են ստացել 150 հազար արցախցի շահառուներ։
«Արցախում բնակարանաշինության ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացնելու է 52 մլրդ դրամ, լինելու է նաև գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիր, որն ԱՀ կառավարության կողմից կհաստատվի մինչև ամսվա վերջ, ՀՀ կառավարությունը կֆինանսավորի այդ ծրագիրը»,- նշեց նա։
Փոխվարչապետն ավելացրեց, որ Արցախի աջակցության մասով առկա է 3 մեծ ծրագիր՝ սոցիալական աջակցության, բնակարանով ապահովելու և վնասների հատուցման: Գրիգորյանը վստահեցրեց, որ ամբողջ տարին աշխատելու է այս երեք ծրագրերի շրջանակում։