Ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված աձանց և անհետ կորածների հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը:
Այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:
«Առանց կառավարությունից որևէ օժանդակություն ակնկալելու՝ ՀՀ ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի վարկ է ներել զոհվածներին, զոհվածների կամ անհետ կորած համարվողների ընտանիքների անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք ներում են պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, ազատվում են որոշ հարկային պարտավորություններից։