Նոյեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Տիգրան Ավինյանը կարևորել է Կենտրոնի գործունեությունը և հայկական հետազոտական կազմակերպությունների տրամադրած աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային անվտանգության, բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, սեյսմալոգիայի և այլ ոլորտներում կազմակերպության անդամ երկրների հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումները: «Մարդկային կապիտալի զարգացումը երկրի առաջնահերթություններից է և բարեփոխումների արդյունքներից մեկն է լինելու գիտությունը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը»,-ասել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ նպատակ կա լրացուցիչ միջոցներ հատկացնելու գիտությանը՝ ուղղված հիմնականում արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներին: Փոխվարչապետը կարևորել է նաև հետդոկտորական (postdoc), ինչպես նաև արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում դոկտորական ծրագրերի ներդրումը Հայաստանում:
Ռոնալդ Լեմանը բարձր է գնահատել Հայաստանի և հայ գիտնականների ներդրումը և ակտիվ գործունեությունը ՄԳՏԿ-ի շրջանակներում: