Բնակարանաշինության առումով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում առաջատար է:
Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության ամենամսյա վերլուծական ակնարկում:
Ըստ աղբյուրի՝ Եվրասիական տնտեսական միության պետություններում այս տարվա առաջին կիսամյակում շահագործման է հանձնվել 45,8 մլն քառակուսի մետր ընդհանուր բնակարանային տարածք: Սա 9,4 մլն քառակուսի մետր է կամ 25,8%-ով ավելի, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:
Բնակարանաշինության աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր երկրներում, առաջատարը Հայաստանն է, որտեղ 2,4 անգամ ավելի շատ բնակարաններ են շահագործման հանձնվել, քան անցյալ տարվա առաջին կիսամյակում:
Բացի այդ, այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալն աճել է ավելի քան 6%-ով և կազմել մոտ 61 մլրդ ԱՄՆ դոլար: Շինարարական աշխատանքների ծավալով ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարը Ռուսաստանն է (54.5 մլրդ ԱՄՆ դոլար), աճի դինամիկայով՝ Հայաստանը (աճը՝ գրեթե 26%):