ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծումը Հայաստան, որը տարածվում է Թուրքիայից, Վրաստանից և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման մի շարք ապրանքների վրա։
Նշված սահմանափակումները միտում ունեն փոխարինելու ներմուծվող ապրանքները նմանօրինակ հայկական ապրանքներով՝ խթանելով հայկական արտադրությունը և ստեղծելով արտահանման միջոցով հայկական արտադրանքը ճանաչելի դարձնելու հնարավորություն։
Կառավարության օգոստոսի 18-ին ընդունած որոշումով առաջարկվում է «Made in Armenia» ծրագրի շրջանակում աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցների համաֆինանսավորման նպատակով ՀՀ պետական բյուջեի 1104 «Աջակցություն ՓՄՁ ձեռնարկատիրությանը» ծրագրի միջոցներից հատկացնել 33 545 250 ՀՀ դրամ։
Կազմակերպության կողմից առաջարկվող «Made in Armenia» ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
- արտաքին գովազդի, սոցիալական ցանցերի և առևտրային հարթակների միջոցով ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու իրազեկվածության բարձրացումը,
- հայկական արտադրության, արտադրողների, տնտեսական նշանակության և ոլորտային այլ թեմաների վերաբերյալ հոլովակների, պաստառների և գովազդների պատրաստումը և շրջանառումը ռադիոյի և հեռուստատեսության, սոցիալական ցանցերի, հեղինակավոր մարդկանց հրապարակումների միջոցով,
- երկու խոշոր միջոցառումների՝ հայկական արտադրության փառատոնի և մարաթոնի կազմակերպում, որոնք ուղղված կլինեն բարձրացնելու հայկական արտադրության մասին հանրության իրազեկման մակարդակը՝ մշակելով և զարգացնելով համագործակցության արդյունավետ հարթակ ինչպես ՓՄՁ սուբյեկտների, այնպես էլ արտադրողների և գնորդների միջև։