Գերիների վերադարձի մասին ծանոթացել եմ մամուլի հրապարակումներից։ Այդ մասին գրել է նաև Armenpess-ը, ինչը նշանակում է, որ պաշտոնական աղբյուրները հայտնել են այդ մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նախօրեին և այսօր պաշտոնական արձագանք չեղավ 2 հայ ռազմագերիների վերադարձին։
Հարցին, թե ինչո՞ւ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը չանդրադարձավ այդ հարցին, Քերոբյանը նշեց.
«Ես կարծում եմ, որ խնդրը ոչ թե երկու գերու վերադարձն է, այլ շատ կարևոր է, որ այդ ընտանիքները վերադարձան նորմալ կյանքի, բայց մեր կիզակետում պետք է մնա բոլոր գերիների վերադարձը»։
Անդրադառնալով խաղողի մթերման խնդիրներին՝ Քերոբյանը հայտարարեց, որ որոշ գործարաններ անսահմանափակ մթերումներ իրականացնելու մասին են հայտնել։ Խաղողի գների վերաբերյալ Քերոբյանը նշեց, որ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա մթերումների գնի մասին խոսակցությունից.
«Մենք չենք խառնվում լոլիկի, կարտոֆիլի գնին, այդ դեպքում ինչո՞ւ պետք է խառնվենք խաղողի գնին։ Դրանք շուկայական հարաբերություններ են, որ պահանջարկի և առաջարկի հետևանքով ձևավորվի ճիշտ գին, իսկ եթե որևիցե չարաշահում լինի, ապա ՏՊՄՄՀ-ն կանխարգելի բոլոր չարաշահումները»։
Նախարարը հայտնեց նաև, որ մինչև օգոստոս Հայաստան են այցելել շուրջ 488 հազար զբոսաշրջիկ, օգոստոսին՝ 143 հազար, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 130 տոկոսի չափով աճել է։
«Ենթադրում եմ, որ մինչև տարվա վերջ 1 մլն-ից ավելի տուրիստ կունենանք»,- ընդգծեց նախարարը։