Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանիր գրասենյակից։
Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ փակել էին Երևան- Երասխ ճանապարհը՝ բողոքելով խաղողի մթերման գնից։ Գյուղացիները դժգոհում են, որ վերամշակող գործարանները խաղողի մթերման գինը նվազեցրել են՝ կիլոգրամը 110 դրամ են մթերում։
Օրեր առաջ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները ճանապարհ փակեն։ Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ մի շարք գործարանները մեծ ծավալներով մթերումներ են իրականացնում։