Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպում հանձնաժողովի կենտրոնակայանում:
Ինչպես հաղորդվում է ԵՏՀ կայքում, հանդիպմանը մասնակցում էին կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ում Բելառուսի դեսպանը, Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ազիզ Ալիևը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Ղազախստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Մուրատ Ժուրեբեկովը:
Երկխոսություն է ծավալվել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի որոշ դրույթների կարգավորման վերաբերյալ: Մասնավորապես, նրանք քննարկել են Միության ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների ձևավորման, երրորդ երկրներից գազի փոխադրման և ԵԱՏՄ պետությունների տարածք մատակարարման հարցեր: Բացի այդ, դիտարկվել է էներգետիկայի բնագավառում ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման նպատակահարմարությունը:
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախապատրաստման համար, որը նախատեսված է հոկտեմբերի 14-ին Մինսկում:
Պետությունների ղեկավարները հանձնարարել են ապահովել գնագոյացման սկզբունքների իրականացումը և ընդհանուր շուկայում սակագնային քաղաքականության ձևավորումը։
Հաջորդ փուլը կլինի 2022 թվականին ԵԱՏՄ տարածքում գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը: Այս ամենը անհրաժեշտ է ընդհանուր շուկայի համար իրավական համակարգ ստեղծելու համար, որը պետք է սկսի գործել 2025 թվականի հունվարի 1-ից: