Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի համար 1600 դոլարի սահմանը, վկայում են ICE Futures բորսայի տվյալները:
Առևտրի բացումից մի քանի րոպե անց հոլանդական TTF ինդեքսով նոյեմբերյան ֆյուչերսները հասել են մինչև 1596,8 դոլարի, այնուհետև հատել մեկ այլ հոգեբանական նիշ՝ հասնելով 1607,2 դոլարի: Դա 15.5 տոկոսով բարձր է երեքշաբթի օրվա գնից:
Աճուրդի նախորդ ռեկորդը գրանցվել էր մեկ օր առաջ. գները բարձրացել են մինչև 1456,8 դոլար, սակայն փակման ավարտին փոքր-ինչ նվազել են` հասնելով մինչև 1417,7 դոլարի:
Եվրոպական շուկայում գազի գինը բարձրացել է վերջին շաբաթների ընթացքում. եթե օգոստոսի սկզբին վառելիքի հազար խորանարդ մետրը վաճառվում էր 515 դոլարով, ապա մեկ ամիս անց գինը բարձրացել է մինչև 614 դոլար, իսկ սեպտեմբերի վերջին գազը կրկնակի թանկացել է:
Ըստ փորձագետների՝ դա պայմանավորված է գազի պահեստարանների կիսադատարկ լինելով, հիմնական մատակարարներից սահմանափակ մատակարարմամբ և Ասիայում LNG-ի բարձր պահանջարկով:
Այս ֆոնին «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը նույնպես թարմացրել են իրենց պատմական առավելագույնը. դրանց գինը 386,5 ռուբլի է: