Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 14-ին առցանց ձևաչափով:
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, փոխանցում է БЕЛТА-ն:
«Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, այն կանցկացվի առցանց՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների, ԵԱՏՄ դիտորդ պետությունների նախագահների՝ Կուբայի և Ուզբեկստանի նախագահների, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ»,- ասել է Իյա Մալկինան:
Նրա խոսքով՝ հանդիպման օրակարգում կա 10 հարց: «ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին զեկուցելու են Միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումների և երրորդ երկրներից գազի ներքին սպառման համար փոխադրման սակագնի սահմանման վերաբերյալ ցուցումների կատարման ընթացքի մասին: Օրակարգում ներառված է ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների միասնական շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու հարցը: Հիշեցնեմ, որ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաները պետք է սկսեն գործել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,- ասել է Մալկինան:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն նաև ԵԱՏՄ գլոբալ կլիմայի օրակարգի խնդիրները: Նախատեսվում է քննարկել զգայուն ապրանքների ցանկում փոփոխությունները, որոնց առնչությամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխման որոշումը կայացնում է ԵԱՏՀ խորհուրդը: