Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։ Ըստ նրա՝ ցուցանիշը ռեկորդային է:
«2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։ Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ օգոստոս ամսվա տվյալներով, աշխատատեղերը եղել են 642 հազար 292:
«Հարկման բազան կազմել է շուրջ 139.1 մլրդ դրամ, միջին աշխատավարձը 216 665 դրամ է: Սա ևս էապես գերազանցում է 2019 և 2020 թվականների ցուցանիշները»,- կարևորեց նա:
Ռուստամ Բադասյանի պնդմամբ՝ կադրային ջարդ ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացնում են սովորական կադրային քաղաքականություն:
«Կադրային քաղաքականության հիմքում դրված է միայն մեկ սկզբունք՝ նախապատվությունը տալիս ենք այնպիսի աշխատակիցների, որոնք ունեն համապատասխան պոտենցիալ և մաքսային, հարկային համակարգում իրենց ցուցաբերել են որպես պրոֆեսիոնալ կադրեր: Եթե ուշադիր լինեք, հիմնական հատվածը համակարգի ներսից է»,- շեշտեց պաշտոնյան:
Ռուստամ Բադասյանը նշեց, որ ինքը ժամանակին աշխատել է ՊԵԿ նախագահի տեղակալ, և մեծ տարբերություն այն ժամանակվա կադրային փոփոխությունների առնվազն քանակի հետ չի կարող արձանագրել:
Մանրամասները՝ տեսանյութում: