«ԳեոՊրոՄայնինգ Արմենիա» ընկերությունը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունն, ըստ որի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերերը հայտարարել են 1400 աշխատակցի կրճատելու մտադրության մասին։
Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
«Ընկերությունը կրճատումներ անելու մտադրություն չունի։ Աշխատակազմն աշխատելու է ամբողջ կազմով։ Ընկերությունը նաև շարունակելու է իրականացնել բոլոր ծրագրերը, այդ թվում՝ սոցիալական»,- հավաստիացրեց ընկերության ներկայացուցիչը։
Նշենք՝ լրատվամիջոցները գրում են, որ Սյունիքում գործազրկության նոր ալիք է հասունանում, քանի որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերերը հայտարարել են 1400 մարդ կրճատելու մտադրության մասին։ Վերջին շրջանում գործարանի շուրջ հետաքրքիր իրադարձություններ են զարգանում։
Ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել ընկերության 25 տոկոս բաժնետոմսերը։ Քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ այս գործարքը կոռուպցիոն և կասկածելի են համարում։
Ըստ կառավարության հաղորդագրության՝ «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսը։ Կառավարությանը նվիրաբերված 25 տոկոսը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15 տոկոսը, որն էլ անցել է Հայաստանի սեփականությանը։
«Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021-ի սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը։
Նկատենք նաև, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ Արմենիային» օտարելու գործարքի վերաբերյալ։