Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա ներկայացմամբ՝ 2-3 ամիս առաջ մեր երկիր է ներմուծվել էժան շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, այնուհետև՝ բարձրացել։
«Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ հիմնականում ՌԴ-ում, կապված կորոնավիրուսի հետ»,- մանրամասնեց Գևորգյանը։
Հաջորդը, որը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրության կենտրոնում է, կարագի շուկան է։ Այս ապրանքաշուկայում ևս սպասվում են ուսումնասիրություններ։
Բացի այդ, նաև գնումների շուկայում են ուսումնասիրություն իրականացնում։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ դիտարկումներ են իրականացվում օնլայն այն հարթակներում, որոնք տաքսի ծառայություններ են մատուցում, քանի որ սպառողները բողոքում են օնլայն տաքսիների ուղեվճարի բարձր գնից։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ բժշկական ծառայություններն են ուսումնասիրում, արդյունքները կհրապարակեն դեկտեմբերի վերջին։ Ինչ վերաբերվում է ՊՇՌ թեստերին, նա պատասխանեց․
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է շուկան ու պարզել, որ այդտեղ գերիշխող դիրք ունեցող ընկերություն չկա։ Բայց դրանով իր աշխատանքը չի ավարտել։ Ներկա պահին էլ ուսումնասիրվում են օդանավակայանում մատուցվող ծառայությունները և ՊՇՌ թեստերի շուկայի նոր իրողությունները»,- նշեց նա և հավելեց, որ հիմա տվյալներ չի հրապարակի, որպեսզի վարույթի վրա ազդեցություն չթողնի, բայց, կարծում է՝ 1-2 ամսվա ընթացքում ՊՇՌ թեստերի շուկայի պատկերը պարզ կլինի։