ՀՀ-ում այս պահին արցախցիների համար լայնածավալ հյուրընկալության կարիք չկա, և եթե նախկինում հյուրընկալին էինք վճարում, այժմ գումարը տրամադրելու ենք արցախցիներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ հյուրընկալության գումարները տրամադրելու անհրաժետություն չկա, քանի որ ավելի քան 90 հազար տեղահանվածների զգալի մասն արդեն վերադարձել է։ ՀՀ տարբեր մարզերում շուրջ 20 հազար արցախցի է շարունակում մնալ։
Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ շարունակելու են աջակցել Արցախից տեղահանվածներին։ Արցախցիների համար նոր ծրագիր են իրականացնում․ աջակցությունը 50 հազար և 25 հազար դրամների չափով տրամադրվելու է տարբեր թիրախային խմբերի։
«Թիրախները հստակ նշված են ծրագրում՝ հաշմանդամության խումբ ունեցողներին, ընտանիքում երեխա ունեցողներին, և 25 հազարական դրամ տրամադրվելու է բոլոր թոշակառուներին»,- մանրամասնեց նա։
Բացի այս, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ արցախցի վերաբնակեցվածների համար նախատեսված է նաև բնակարանային ծրագիր։
«Այս պահին Արցախում ապրում են ավելի քան 100.000 մեր հայրենակիցները, և նրանք բոլորը գտնվում են միևնույն անվտանգային միջավայրում»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Արցախից տեղահանված բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Նրանք դժոհում են, որ հյուրաընկալության համար տրամադրվող 68 հազարական դրամները չեն տրվում և իրենց բնակարանային հարցն էլ շարունակում է չլուծված մնալ։