Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն շահագործող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Արձանագրված հիմնական թերություններն են՝
– սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում,
– որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում,
– առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ,
– երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։
Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։
Ըստ հաղորդագրության՝ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։