Առաջին ընթերցումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ նոյեմբերի 18-ի նիստում քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Զեկուցողի խոսքով՝ կարգավորումներն ուղղված են դրոշմավորման գործընթացում առաջացած խնդիրների և պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության հարցի լուծմանը:
Նշվել է, որ տնտեսվարող սուբյեկտն ակցիզային դրոշմանիշերը կամ պիտակը ստանալուց հետո 12 ամիս ժամանակ ունի դրանք վերադարձնելու: Ուշացնելու դեպքում կան պատասխանատվության միջոցներ, տուգանքները բավականին բարձր են:
Նոր կարգավորմամբ առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերը կամ պիտակը վերադարձնելը ուշացնելիս, երբ հարկային մարմինն արդեն վարչական վարույթ կհարուցի, այդ վարույթի ընթացքում դրանք վերադարձնելու և հարկային մարմնի կողմից ընդունելու պարագայում գանձվի տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամը:
Խոտանված դրոշմանիշերի և պիտակների համար տուգանքի վճարումը չկատարելը հիմք է հայտը մերժելու համար: Առաջարկվում է մերժման հիմքերից հանել այդ տուգանքը չվճարելու դեպքը: Վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանց համար տուգանքը փոխարինվել է ծախսերի փոխհատուցմամբ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: