Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այսօր մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:
Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան՝ մոտ 29 դրամ։
Armenia Today-ը «Արմփաուեր» ընկերության լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննիից հետաքրքրվեց, թե համատարած գնաճի պայմաններում հնարավո՞ր է արտադրված էլեկտրաէներգիան հաստատված սակագնից ավելի թանկ վաճառվի։
Ի պատասախան՝ նա արձանագրեց․ «Էլեկտրաէներգիայի սակագինը երկու բաղադրիչից է կազմված։ Մեկ բաղադրիչը չի փոխվի, իսկ մյուսը կփոխվի, եթե գազի արժեքը փոփոխվի։ էլեկտրաէներգիայի սակագինը 25 տարի մնալու է հաստատուն»,- նշեց նա։
Հավելենք, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և իտալական «Ռենկո»-ի միջև եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում ժամանակակից ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Այն հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և առաջիկայում սկսել ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները: