Հայաստանի ռեստորանների ասոցիացիան անհամաձայնություն է հայտնել 2022 թվականի հունվարի 1-ից նոր սահմանափակումներ սահմանելու ՀՀ առողջապահության նախարարության մտադրության հետ:
Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մուտքը հասարակական վայրեր, համերգներին և այլն կլինեն միայն պատվաստված քաղաքացիների և կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ունեցող անձանց համար:
«Անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ ձեռնարկատերերը նախաձեռնում են հակազդեցության քայլեր», – ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռեստորանային ոլորտը գտնվում է ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում, ապահովում է 50 հազար աշխատատեղ և չի պատրաստվում «համակերպվել ոլորտի համար կործանարար լուծումների հետ»:
Ասոցիացիան պատասխանատու գերատեսչություններին կոչ է արել զբաղվել մասնագիտական խնդիրներով, մասնավորապես՝ առողջապահությամբ և զերծ մնալ բիզնեսի գործերին միջամտելուց: