Lydian Armenia ընկերությունը հերքել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի նախատեսվող վաճառքի մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը:
«Ի պատասխան ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, «Lydian Armenia»-ն հայտնում է, որ Ամուլսարի ծրագրի վաճառքի վերաբերյալ որևէ ընկերության հետ պայմանավորվածություն չունի», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընդգծվում է նաև, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե պետությունը պետք է ստանա բաժնետոմսերի մասնաբաժին ծրագրում:
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում պաշարների մեծությամբ երկրորդ հանքավայրն է ։ Ընկերության տեղեկատվության համաձայն ՝ հանքավայրը պարունակում է շուրջ 73733 կգ ոսկի՝ մեկ տոննայի համար 0.78 գ միջին պարունակությամբ, ինչպես նաև 294.367 տոննա արծաթ՝ 9.29 գ միջին պարունակությամբ մեկ տոննայի համար: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում։ Բնապահպաններն ու շարքային քաղաքացիները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանա լճի հանքային ստորերկրյա ջրերի աղտոտմանը: 2018 թվականի ամռանից ի վեր ակտիվիստներն արգելափակել են դեպի հանք տանող ճանապարհները՝ դրանով իսկ խոչընդոտելով դրա շահագործումը։ Հայաստանի կառավարությունը խնդրի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնում, թեև դա պահանջում են հակամարտության երկու կողմերը։