«Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ի դիտորդի կարգավիճակ տալը պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի մեր խոսակցությունից։ Եթե մեր միջև խոսակցությունը բնական զարգացում և շարունակություն է ունենալու, և մենք տեսնելու ենք հարաբերությունների ընդհանուր կարգավորման հեռանկարը, դա թեմա է, որը մենք լրջորեն կդիտարկենք։ Այսինքն՝ բոլոր դեպքերում կդիտարկենք, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց լինի, և Ադրբեջանը նման ցանկություն հայտնի»։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այն պրոցեսից, այն խոսակցության շարունակության վեկտորից, ուղղությունից, ընթացքից, որի մասին ես ասում եմ։ Եթե մենք տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել, բնականաբար, Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսների հնարավորությունը, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի, եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,- ասաց նա։