Հիշո՞ւմ եք 2018 թվականի կախարդական փայտիկի մասին խոստումները։ Պարզվեց, որ այդ փայտիկը «reverse»-ի ռեժիմով էր աշխատում։ Այս մասին իր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պարտքը, ըստ նրա, 9 միլիարդ դոլարից անցել է, իսկ դա նշանակում է՝ 4 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը պայմանավորված է արտաքին պարտքի մեծացմամբ։
Խոսելով գնաճի մասին՝ Քոչարյանը նշեց 9,6 տոկոսի ավելացման մասին, որը, սակայն, արժանահավատ չի ըստ իրեն, քանի որ պետական տվյալներ են։ Քոչարյանն ասաց, որ 10 տարի նախագահ լինելու պայմաններում չի պատկերացնում, թե ինչ պետք է անել այդքան բարձր գնաճ ունենալու համար։ Այս պայմաններում պարտավոր ես ինդեքսավորել աշխատավարձերն ու թոշակները, ինչը չի սպասվում։
Ներդրումների մասին խոսելով՝ Քոչարյանը դրանք լկտի սուտ որակեց։ Նրա խոսքով՝ մարդիկ լավատեսական նկրտումներից դրդված՝ մտել են մեծ սպառողական բեռի տակ։ Ի դեպ՝ եթե պետության պարտավորությունն է կենսամակարդակի բարձրացումը, ապա այս տարվա ընթացքում աղքատությունը միայն աճել է։ Այն մոտավորապես 27-30 տոկոս է։ Դրան զուգահեռ աճել են պաշտոնական վերնախավի պարգևավճարները։ Նա նշեց, որ 9 ամսվա արդյունքով՝ 103 000 մարդ լքել է երկիրը, 34 000 մարդ ստացել է ՌԴ քաղաքացիություն, դա, օրինակ, Աբովյան քաղաքի բնակչության չափ մարդիկ են։