Կալորիականությունից ելնելով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվելու է, կամ ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
«Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու: Այդ հնարավորությունը կա, որովհետև կարծում եմ՝ դուք էլ պատկերացնում եք, որ կալորիականության հաշվարկի կիրարկման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին։ Նույնիսկ կալորիականությունը հաշվարկելու դեպքում նոր գները սպառողների զգալի մասի վրա որևէ կերպ չեն ազդի»,- պարզաբանեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» հունվարի 13-ին հայտարարել էր, որ մտադիր է ապրիլի 1-ից թանկացնել կապույտ վառելիքը։
Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ստացել է գազամատակարարի՝ սակագնային վերահաշվարկի հայտը, համաձայն որի՝ Հայաստանում այժմ գործող տարբերակված՝ բնակիչ-բաժանորդի, բիզնեսի ու սոցիապես անապահով սպառողների սակագների փոխարեն ընկերությունն առաջարկում է կիրառել մեկ միասնական բանաձև, և բոլոր բաժանորդների համար ապրիլի 1-ից անցնել գազի փաստացի ջերմատվության հետ կապված մեկ միասնական սակագնի։