ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հեր զրույցում ասաց, որ սահմանին գազի գինը չի փոփոխվելու այս տարվա համար, քանի որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրի բանաձևի կիրառումը սկսվում է 2022 թվականին: Ըստ բանաձևի՝ սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով։
Մհեր Գրիգորյանն ասաց, որ գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանին եղած գինն է։ Այնուամենայնիվ՝ գազի գինը Հայաստանում չի փոխվի անապահով ընտանիքների համար։
Ինչ վերաբերվում է բիզնեսին, ապա փոխվարչապետի խոսքով՝ գազի գնից կախված են ոչ միայն հայկական արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները, և բոլորի համար գազի գինը թանկացել է։ Նրա ներկայացմամբ՝ կան երկրներ, որտեղ գազն անհամեմատ ավելի շատ է թանկացել, քան Հայաստանում։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ հարթակում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա ու բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, ապա հույս հայտնեց, որ ԵԱՏՄ-ում այդ հարցի շուրջ միասնականություն կձևավորվի։