2021 թվականին նախորդ ճգնաժամային 2020 թվականի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 5,8%:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները։
Միայն 2021-ի դեկտեմբերին 2020-ի նույն ամսվա համեմատ աճը կազմել է 9,9%: Ամենամեծ աճը գրանցվել է առևտրի ոլորտում՝ 17,7%. արտահանումն աճել է 19,1%-ով, ներմուծումը՝ 16,9%-ով։
Հաջորդ ամենամեծ աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 9,9%-ով, ապրանքաշրջանառությունն աճել է 7,5%-ով, շինարարության ծավալը՝ 7,4%-ով։
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6%-ով։ Աշխատավարձերն ամենաշատն աճել են մասնավոր հատվածում՝ 8․4%-ով, իսկ պետական հատվածում՝ 5,2%-ով։ Հետճգնաժամային տարում նվազում է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում՝ 1․1% և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 0․6%։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սկզբին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացել էր հրաժարական տալ, եթե երկրում ՀՆԱ-ի երկնիշ աճ չապահովվի։ Ավելի ուշ երբ պարզ դարձավ, որ այդ ցուցանիշը չի հաջողվի ապահովել, նախարարը հայտարարեց, որ ինքն ընդամենը կատակել է։