Իրանն այս տարածաշրջանում բավականին լուրջ շահեր ունի։ Դեպի հյուսիս բեռնափոխադրման, ուղևորափոխադրման համար Հայաստանն Իրանի համար այլընտրանքային անվտանգ հիմնական ուղեներից։ Նրանց համար շատ կարևոր է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը։ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը ինքնիշխանությունը, որը կբացառի Արևելք-Արևմուտք թուրքական միջանքի առկայությունը։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ թեպետ ՀՀ-ն և Իրանը սահմանակից են, բայց 2 երկրների առևտրաշրջանառությունը ցանկալի մակարդակի չէ։
«Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների անկյունաքար պետք է համարել Հայաստան-Իրան գազատարի կառուցումը, շահագործումը։ Գատարը հայ-իրանական հարաբերությունների վերջին փուլի կարևոր կետն է եղել, դրանից հետո մենք խոշոր նախագծեր չենք ունեցել Իրանի հետ, ինչը թույլ կտար էլ ավելի մեծացնել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունները։ Խոշոր նախագծերի բացակայության պատճառները տարբեր էին, դրանք և՛ քաղաքական էին, և՛ տնտեսական»,-ասաց նա՝ շեշտելով նաև Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներիազդեցության մասին։
Բացի այդ, նրա խոսքով, պատճառներից մեկն էլ այն է, որ իրանական տնտեսությունը բավականին փակ է։ Իրանի տնտեսության մեջ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք շատ են ազդում Հայաստանի արտահանողների վարքագծի վրա։
Իրավիճակը քիչ թե շատ շտկվեց, երբ 2019-ին 3 տարով կնքվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը։
«Տարիներ շարունակ Հայաստանը շահագրգռված էր Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալու առումով, բայց իրանական կողմի տեսանկյունից ՀՀ տնտեսությունն այդքան էլ հետաքրքիր չէ, քանի որ ՀՀ-ինը 3 միլիոնանոց, իրենցը 90 միլիոնանոց շուկա է։ Բայց ԵԱՏՄ շրջանակներում իրավիճակն այլ է․ ՀՀ-ն հանդես էր գալիս ԵԱՏՄ անդամ երկիր և կնքված վերոնշյալ համաձայնագիրը թույլ տվեց ավելի պարզեցնել 300 անուն ապրանքների արտահանումը Իրան։ Այդուհանդերձ, համաձայանգիրն էապես չի ազդել Հայաստան-Իրան առևտրատնտեսական ծավալների վրա։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր է զարգացնել ՌԴ-ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունները։ Այս տեսնակյունից բավականին մեծ օրակարգ ունենք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով որ այս պահի դրությամբ տարբեր պատճառներով նոր, խոշոր ծրագրեր չեն իրականացվում։
«Հայկական կողմը էներգետիկ տեսանկյունից մի քանի անգամ փոփոխել է իր դիրքորոշումը։ Երբ, օրինակ, երրորդ էներգագիծը կառուցելու որոշում կար, որը դեպի Իրան ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորթյուն կտար, 2018-ի իշխանափոխությունից հետո շինարարությունը սառեցվեց։ Հիմա՝ 3 տարի անց, նոր Հայ-իրանական միջկառավարական նիստի ժամանակ խոսում են 3-րդ էներգագծի մասին, ինչը չկառուցելու հետևանքով էր, որ այս տարի փետրվարի 1-ին 4, 7 դրամով հոսանքի գնի բարձրացում ունեցանք։ 2013-ին կնքված ՀՀ-ՌԴ միջկառավարական համաձայնագրով նախատեսված է, որ 5-րդ էներգաբլոկի հոսանքը պետք է արտահանվեր Իրան, իսկ 3-րդ էներգագծի չկառուցման հետևանքով այդ հոսանքը չարտարդվեց ու չարտահանվեց, և որի ծախսը դրվեց ՀՀ բնակչության վրա»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով նաև, որ պետք է քայլեր ձեռնարկել բարտերային համաձայնագիրը երկարաձգելու ուղղությամբ, որի ժամկետը լրանում է 2026-ին։
«Իրանը մեզ համար մեծ շուկա է, որից չենք կարողանում օգտվել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ տնտեսական առումով չգրված օրենքներ կան, որոնք հաճախակի են փոփոխվում։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ ՀՀ տնտեսությունը բավականին փոքր է և չի կարողնում այնպիսի ապրանք ներկայացնել Իրանին, որը կհետաքրքի իրենց»,-եզրափակեց տնտեսագետը։